Մերի Սարիկյանը շատերին հայտնի է Emily&Mommy բլոգով ( marysarikyan): 2017-ին ստացել է Մանհայմի «Ծնողների դպրոցի» մրցույթի «Մայրիկի լավագույն օրակարգը» մրցանակը, որից հետո հնարավորություն է ստացել իրականացնելու Baby-life-balance սեմինարների շարքը՝ նախատեսված մայրերի եւ երեխաների համար: Մասնագիտությամբ իրավաբան Մերին ակտիվ մայրիկ է, այժմ բնակվում է Գերմանիայում: Մշտապես փորձում է կիսել իր գիտելիքները հայ մայրիկների հետ բլոգի, սեմինար-հանդիպումների և գրքերի միջոցով: Մերի Սարիկյանի «Մայրիկի օրագիրը» գիրքն առաջին հայալեզու հանրագիտարանն է մայրերի համար: Այս տարի Երևանում նա իրականացրեց սեմինար-հանդիպում, որը կրում էր «ԿՐԿԻՆ ՅՈԹԵՐՈՐԴ ԵՐԿԻՆՔՈՒՄ» խորագիրը: Սեմինար-հանդիպումից որոշ ժամանակ անց նույն խորագրով լույս տեսավ նրա երկրորդ գիրքը:
- Ուզում եմ սկսել մի հարցով, որը, կարծում եմ, շատերին է հետաքրքրում. ո՞նց եք հասցնում լինել բլոգեր, գրքերի հեղինակ, երջանիկ մայրիկ և սիրված կին:
Ամեն ինչ ինձ մոտ սկսում է սիրված կին լինելուց, քանի որ այդ կետը կա իմ կյանքում, մնացած ամեն ինչը հասցնում եմ դրա հաշվին: Սերը ինձ թևեր է տալիս : Իմ ամուսնու աջակցությունը անփոխարինելի է իմ կյանքում: Նա իմ ոգեշնչման համար առաջին աղբյուրն է եղել և կմնա: Իր շնորհիվ ես անընդհատ լիցքավորվում եմ նոր էներգիայով, նոր ուժով և պատրաստ եմ զգում նույնիսկ գրավել աշխարհը: Իսկ եթե ոչ էներգիայի տեսանկյունից , այլ զուտ ժամանակը բաշխելու առումով ասեմ, ապա թայմ մենեջմենթ ասվածը ինձ համար շատ կարևոր է: Եթե ճիշտ ես կազմակերպում օրդ, կարողանում ես կարևորը անկարևորից զատել, առաջնահերթություններ քեզ համար դնել և առաջնահերթ անել առաջնայինը, ամեն ինչ էլ ստացվում է հասցնել: Ես այլևս չեմ տառապում պերֆեկցիոնիզմով. փորձում եմ անել ամեն բան այնքան, որքան որ հասցնում եմ, և որքանը որ հաճելի է ինձ:
- Հաշվի առնելով Ձեր հետևորդների՝ Ձեզնից ստացած դրական էներգիան, կարծես թե պատահական չէ, որ Ձեր անունը նշանակում է «ուրախ»: Հետաքրքիր է՝ ով է Ձեզ անվանակոչել:
Այդ դրական էներգիան, որ ես տալիս եմ իմ հետևորդներին, վերադառնում է ինձ, և նրանք էլ իմ ոգեշնչման աղբյուրներից մեկն են:
Ես մեր տան երրորդ երեխան եմ , մենք երեք քույր ենք; Ավագ քույրս և հայրիկս գնացել են անուն որոշելու, և քույրս ասել է , որ ինքը սիրում է Մերի անունը: Ասեմ , որ այն ժամանակ դեռ այդքան տարածված էլ չէր Մերի անունը, և ես իմ սերնդակիցների մեջ բավականին տարբերվում էի իմ անունով: Ինձ շատ նորաձև էի զգում. արտասահմանյան էր հնչում անունս : (ծիծաղում է)
Շատ սիրում եմ իմ անունը, մանկուց շատ եմ սիրել ու միշտ շնորհակալ եմ եղել քույրիկիս, որ ինձ այսպես է անվանակոչել: Ասեմ, որ նույնիսկ ոչ միայն որոշել է, որ իմ անունը պետք է լինի Մերի, այլ նաև հետևել է, որ որևէ մեկը չաղավաղի անունս, չկրճատի: Եթե անունս Մերի չլիներ, երևի թե աղջկաս այսպես կանվանակոչեի. այ այդքան գոհ եմ անունիցս:
- Գերազանց ավարտել եք ԵՊՀ-ի Հանրային կառավարում բաժնի բակալավրը: Որևէ մե՞կն է ուղղորդել, թե՞ ինքներդ եք ընտրել:
Ինձ ուղղորդել է հայրս: Ճիշտն ասած, ես շատ վաղ եմ համարում 16 տարեկանը մասնագիտություն ընտրելու համար, քանի որ դու բոլորովին պատկերացում չունես՝ ինչ ես իրականում ուզում և ուր ես գնում: Ընդունվել եմ անվճար, առաջին հայտով, երկրորդ տեղում էի ամբողջ ցուցակում . այսպիսով՝ դա եղել է նաև իմ որոշումը:Այդ տարի առաջին անգամ էին բացել Հանրային կառավարում բաժինը, և ըստ մեր ընտանեկան վերլուծությունների՝ դա շատ լավ տարբերակ էր, քանի որ կարծում էինք՝ եթե նոր է բացվել, ուրեմն պահանջ կա: Նոր մասնագետ լինելու գայթակղությամբ ընտրեցի այդ բաժինը և մինչև վերջ գնացի իմ սովորության համաձայն, որովհետև ես ցանկացած սկսած գործ ավարտին եմ հասցնում: Բայց ամեն տարի ափսոսում էի, թե ինչու եմ ես այդքան ժամանակ ներդնում այն մասնագիտության մեջ, որով վստահ էի՝ չէի աշխատելու :
- Ինչի՞ց էր բխում նման ներքին համոզմունքը:
Քանի որ ուղիղ կեսը սովորել էինք, բայց դեռ չէինք հասկանում, թե ի վերջո ինչ է հանրային կառավարումը և ինչ է լինելու մեր աշխատանքը: Սա կես կատակ, կես լուրջ: Իսկապես շատ վերացական և ընդհանրական է բաժինը և այնտեղ ստացած կրթությունը, դրա համար կեսից արդեն հիասթափություն կար, և երևի թե այդ էր պատճառը: Բայց ի վերջո իհարկե հասկացանք. համալսարանական կրթությունը ինձ տվել է ընդհանուր զարգացվածություն, ընդհանուր գիտելիքներ, ինչի համար ես շնորհակալ եմ, քանի որ ինձ կյանքում այն պիտանի է զուտ վերլուծական մտածելակերպ ունենալու և գրագետ լինելու համար: Պետական մարմիններում հանրային կառույցներում աշխատելը իմը չէ և չէր այն ժամանակ, քանի որ ես շատ ավելի ստեղծագործ անհատ եմ և շատ ավելի աշխույժ աշխատանք եմ սիրում , որը նաև մարդկանց հետ շփում է ներառում: Դա ինձ էներգիա է տալիս:
- Ինչու՞ որոշեցիք սովորել նույն բաժնի մագիստրատուրան և Ամերիկյան համալսրանի իրավագիտության ֆակուլտետը միառժամանակ: Դժվար չէ՞ր համատեղելը:
Ես շատ էի ուզում ստանալ ոչ հայկական բուհի կրթություն և շատ էի ուզում գնալ արտասահման սովորելու, սակայն այդ պահին հանգամանքների բերումով իմ մեկնելը հնարավոր չէր: Ես որպես այլընտրանք գտա Ամերիկյան համալսարանը: Ընտրեցի իրավագիտություն, որովհետև մի փոքր գոնե հարում էր իմ մասնագիտությանը, և այդպես կոմբինացիա անելը ավելի խելամիտ էր թվում: Սա արդեն իմ ընտրությունն էր, և ոչ ոք չի ուղղորդել ինձ: Իսկ Հանրային կառավարման բաժնի մագիստրատուրա ուղղակի իներցիայով անվճար ընդունվեցի: Անկեղծ ասած, շատ էի ուզում թողնել, բայց հետո իմ ամբիոնի վարիչը , որը նաև իմ թեզի ղեկավարն էր և մինչ այդ էլ ավարտական աշխատանքիս ղեկավարը, և մի շարք այլ դասախոսներ, ովքեր ինձ շատ էին սիրում, համոզեցին, որ ճիշտ կանեմ մնամ, որ ինձ մոտ կհաջողվի զուգահեռ սովորելը : Այսպես համոզեցին, և ես մնացի: Չեմ փոշմանում: Իհարկե դժվար էր շատ համատեղելը: Մեկ-երկու տարի անընդմեջ քննությունների մեջ էի: Մի տեղում քննության էի, հետո մեկ օր հանգստանում էի, պատրաստվում մյուս քննությանը:
Պետական համալսարանի վերջին ժամը և Ամերիկյան համալսարանի առաջին ժամը համընկնում էին: Ուշանալով կամ շուտ դուրս գալով՝ վազում էի դասի, նույնիսկ հանգստանալու ժամանակ չէր մնում: Շատ ծանրաբեռնված էի: Այդ ընթացքում նաև մասնակցում էի տարբեր պրոեկտների և սեմինարների : Մի խոսքով գերլարված երկու տարի: Բայց այդ ամենը անհետք չմնաց: Ես այսօր ունեմ այդ պաշարը ինձ հետ և նույնիսկ եթե չեմ աշխատում այդ ուղղվածությամբ, այն ինձ շատ օգնում է կյանքում:
- Նախքան ամուսնանալը աշխատել եք ՀՀ առողջապահության նախարարությունում որպես իրավաբան: Եթե հնարավորություն ունենայիք , նորից կվերադառնայի՞ք նույն աշխատանքին:
Երբե՛ք: (ծիծաղում է) Վերջին ընտրությունս պետք է լիներ դա, որ կրկին վերադառնայի: Առհասարակ, ցանկացած նախարարության մասին է խոսքս: Ինձ համար դա մի քիչ տխուր և ձանձրալի է:
- Հե՞շտ հաղթահարեցիք մշակութային շոկ ասվածը, երբ ամուսնությունից հետո Գերմանիա տեղափոխվեցիք:
Իրականում ամուսինս շատ խորամանկ քայլ արեց . իմ տեղափոխվելուց հետո մենք ամբողջ առաջին տարին ճամփորդել ենք: Տարբեր եվրոպական երկրներում եղանք: Այդ ընթացքում երկու անգամ էլ Հայաստան եկա, այնպես որ շատ չհասցրի այդ կտրուկ փոփոխությունը ծանր տանել: Անընդհատ զբաղված էի հաճելի բաներով ,և այսպես ավելի մեղմ եղավ անցումը, քիչ-քիչ ադապտացվեցի: Նաև միշտ ասում եմ , որ եթե ամուսինս չլիներ հենց այսպիսն, ինչպիսին որ կա, եթե չլիներ նրա անսահման սերը և հոգատարությունը, ես դժվար թե այստեղ կարողանայի մնալ, որովհետև իրականում երբեք չեմ երազել վերջնական Հայսատանից տեղափոխվել:
- Կվերադառնայի՞ք Հայաստան ՝ մշտապես այստեղ ապրելու նպատակով:
Միանշանակ ոչինչ չեմ կարող ասել: Կապրենք, կտեսնենք:
- Բլոգեր լինելը որոշու՞մ էր, թե՞…
Անկեղծ ասած, ո՛չ, չի եղել նման որոշում: Շատ օրգանիկ ձևով է ստացվել ամեն ինչ: Պարզապես, քանի որ դրսում էի ապրում, հաճախ էի կիսում նկարներս ընկերներիս , հարազատներիս համար, որոնք հեռվում էին, և հաճախ այդ հրապարակումներին կցում էի տեքստեր, քանի որ միշտ շատ եմ սիրել գրել և ստեղծագործել : Այպես որոշ ժամանկ անց տեսա, որ արդեն երեք-չորս հազար մարդ բաժանորդագրվել է էջիս: Երեխայիս ծնունդից հետո հասկացա,որ սա արդեն բլոգ է դարձել , և ուզում եմ կիսել մայրկների հետ տարբեր խորհուրդներ, իմ փորձից տարբեր օրինակներ բերել և այլն: Նաև Գերմանիայում մրցույթի մասնակցեցինք ծնողների դպրոցում, երբ Էմիլին փոքր էր: «Մայրիկի լավագույն օրակարգ » անվանակարգում մրցանակ շահեցի, ու դա նույնպես ոգևորիչ էր ինձ համար, որ այդ գիտելիքը փոխանցեմ այն մայրիկներին, որոնք դրա կարիքը կունենան: Այն ժամանակ , չեմ վախենա ասել, որ Հայաստանում մայրիկի բլոգ գրեթե չկար: Երևի թե հենց դա էր պատճառը, որ շատ մայրիկներ սկսեցին հետևել ինձ, ինչի համար շատ շնորհակալ եմ: Նրանց շնորհիվ այսօր ես ինձ երջանիկ մարդ եմ զգում , որովհետև զգում եմ, որ կարողանում եմ ինչ-որ ձևով ծառայեցնել իմ գիտելիքները, իմ էներգիան այն մարդկանց համար, ովքեր դրա կարիքն ունեն:
- Ասում են՝ երջանիկ պետք է լինել լուռ: Ձեր էջում մշտապես կարելի է տեսնել երջանկության մասին «բացականչող» լուսանկարներ և գրառումներ: Ձեզ չի՞ վախեցնում բարձրաձայն երջանկությունը:
Ես այնքան եմ ասել, որ արդեն թևավոր խոսք է դարձել, և շատերը կիսում են այդ խոսքս. «Երջանկությունը վարակիչ է» : Եթե ես կարող եմ իմ երջանկությամբ վարակել մեկ ուրիշին , ապա ինչու՞ խնայեմ: Սերն ու երջանկությունը մշտապես կարելի է բաժանել. չէ՞ որ դրանից չեն պակասում, ըդհակառակը, երբ տեսնես, որ մարդկանց դեմքին ժպիտ է առաջանում, երբ մի կոտրված սրտում հույս է արթնանում, քեզ ավելի երջանիկ կզգաս: Շատերը ասում են, որ եթե իսկապես երջանիկ ես , չես կարող նման գրառումներ անել: Ես դա ճիշտ չեմ համարում, քանի որ չես կարող հինգ տարի շարունակ նման գրառումներ և նկարներ անել, եթե դա անկեղծ չէ, եթե դա չկա իրականում: Ես միշտ գրում եմ իմ հոգուց , սրտից եկածը և կարծում եմ, եթե այն չլիներ անկեղծ, այսքան մարդու չէր գրավի, որովհետև միշտ ընթերցողը զգում է, և մարդիկ հիմար չեն:
- Ձեր առաջին՝ «Մայրիկի օրագիրը» գրքի գաղափարը մայրիկ դառնալու հե՞տ ծնվեց:
Այո՛, երբ ես իմացա, որ մայրանալու եմ, այդ շրջանում շատ էի ուսումնասիրում տարբեր գրականություններ : Հայկական շուկայում գտա այդ բացը ,որովհետև չկա այդ ամբողջ տեղեկությունը համապարփակ ներկայացնող գիրք, մինչդեռ գերմաներեն շատ-շատ կային, և նաև ռուսերեն: Ինչու՞ պիտի մեր հայրենակիցները ստիպված լինեն օտար լեզվով կարդալ ,երբ շատերի համար դա այնքան էլ հեշտ չէ: Կամ նույնիսկ եթե հեշտ է, միևնույն է, մայրենի լեզվով շատ ավելի դյուրին է ամեն բան ընկալելը : Այսպես որոշեցի ստեղծել մի հանրագիտարան, որը երբ յուրաքանչյուր կին ունենա ձեռքի տակ, շատ ավելի հեշտ կլինի հղիության ընթացքը և երեխայի ծնունդից հետո առաջին մեկ տարին: Սա հենց այն շրջանն է , երբ բավականին շատ հարցեր են ծագում , որոնց պատասխանները համացանցում փնտրելը սխալ է, քանի որ համացանցը շատ լայն տիրույթ է և այնտեղ կարելի է գտնել ինչպես ճիշտ, այնպես էլ սխալ ինֆորմացիա: Հետևաբար գիրքը մասնագետների կողմից զտված և հաստատված տեղեկատվություն է տալիս, և իմ կողմից էլ իմ օրագրային հատվածները և փորձը, լրացնելով տեսական հատվածը, ամբողջական են դարձնում մայրիկների այս լավագույն ուղեցույցը:
- Գիրքը թերթելիս անընդհատ կարելի է տեսնել Ձեր իսկ լուսանկարները՝ կապված տվյալ հատվածում բացատրվող երևույթի հետ: Նկարները նախկինում արդեն իսկ հատուկ նպատակո՞վ էին արվել:
Հատուկ չեն արվել, դրանք մեր ընտանեկան արխիվից են: Ես ուղղակի ֆոտոպատմություն էի ուզում ունենալ , երբ հղի էի, և այն ծառայեց նաև գրքի համար:Հաճախ ասել եմ, որ գիրքը շնչող է, գիրքը ապրող է, որովհետև ներկայացված պահերը ֆիքսվել են առանց պլանավորման: Ամեն մայր կարող է իրեն գտնել այդ գրքում, այդ լուսանկարներում: Անգամ մի լուսանկարում նկատել եմ, որ մազակալս ձեռքիս է, և դա նույնպես բնական է, ես չեմ ուզել այն հանել: Կան որոշ նկարներ, որ արվել են հետո՝ լրացնելու համար, բայց դրանք շատ քիչ տոկոս են կազմում:
Առաջին գիրք, մեծ պատասխանատվություն, հույզեր, ապրումներ…Հե՞շտ եք հաղթահարել այս թվացյալ արգելքները:
Այո, չեմ ժխտում, շատ-շատ մեծ հուզմունք է եղել: Չէի համարձակվեի գուցե թե, եթե չքաջալերեին ինձ հենց իմ հետևորդները, եթե չտեսնեի, որ կա պահանջարկ, և եթե ամուսինս, ծնողներս, քույրերս և իմ շատ մտերիմ ընկերները ինձ չխրախուսեին, որ լավ աշխատաննք է ստացվել, արժե ներկայացնել: Ի դեպ, իմ ընտանիքը եղել է շատ քննադատ իմ աշխատանքների հանդպես, այնպես որ, եթե նրանք ասում էին , որ լավ է, ես ինչ-որ չափով արդեն խիզախում էի այն ներկայացնել ավելի մեծ լսարանի:
- Եղե՞լ են պահեր, երբ հիասթափվել եք և գրքի գաղափարից հրաժարվելու ցանկություն է առաջացել:
Իհարկե եղել են: «Մայրիկի օրագիրը» բավականին հաստափոր գիրք է ՝ շուրջ 310 էջ :Մեկ տարի անընդմեջ աշխատել եմ դրա վրա: Բնականաբար, թե՛ իմ անձնական տրամադրություններից, թե՛ արտաքին ինչ- որ ճնշումներից՝ ինչ-որ գործոններով պայմանավորված, եղել են տարբեր ընկճախտներ, հիասթափություններ: Ամեն անգամ, երբ գրիչը ցած եմ դրել, ամուսինս նորից տվել է այն ձեռքս և ասել , որ պետք է գրեմ, որ ամեն ինչ հրաշալի է ստացվելու , որ հավատում է իմ ուժերին: Եվ այսպես…Ստացվեց…Ունենք այն, ինչ ունենք:
- Մինչ Ձեր երկրորդ՝ «Կրկին 7-րդ երկնքում» գրքի հրատարակումը, Երևանում նույն խորագրով սեմինար-հանդիպում անցկացրիք: Այդ Ժամանակ կա՞ր արդեն գրքի գաղափարը:
Կային որոշակի մտքեր՝ գիրք գրելու: Ես պարզապես մտածում էի որևէ գիրք ներկայացնել փոխհարաբերությունների վերաբերյալ , քանի որ այժմ Գերմանիայում վերապատրաստվում եմ որպես ընտանեկան հոգեբան-խորհրդատու, և իմ լսարանը հաճախ է ինձ նման հարցերով դիմում: Ահա թե ինչու անպայման պլանավորում էի նման աշխատանք և զգացի ,որ խորագիրը նույնպես համահունչ է այն ամենի հետ , ինչ գրում եմ : Այսպես որոշեցի նույն խորագրով էլ հրատարակել գիրքը:
- Սեմինարի վերջում, երբ նայեցիք մասնակիցների աչքերին, բավարավածության խորը շունչ քաշեցի՞ք:
Այո՛(ասում է խորը շունչ քաշելով): Հենց այդ էներգիան և հայացքներն են, որ ինձ ստիպում են շարունակել աշխատել, արարել, ստեղծագործել : Անգամ երեխայի հետ, երբ ինքս եմ նրան խնամում, չունեմ օգնողներ, միևնույն է փորձում եմ ամեն օր ակտիվ լինել նրանց համար ինստագրամում: Հենց այդ հայացքների , ծափահարությունների, ջերմ խոսքերի, շնորհավորանքների համար է, որ այդ ամենը ես անում եմ: Գիրք գրելը զուտ որպես բիզնես կամ աշխատանք բացարձակ եկամտաբեր չէ: Ես դա անում եմ այդ ջերմության և մարդկանց պիտանի լինելու զգացողության համար:
- 7-րդ երկինքը երջանկության վերջի՞ն երկինքն է:
Ո՛չ, իհարկե ոչ: Երջանկությունն անծայրածիր է, միշտ կարելի է նոր մակարդակ հայտնաբերել, բարձրանալ ևս մեկ երկինք վերև և այսպես շարունակ : Ես այս պահին 7-րդ երկնքում եմ:
Իսկ եթե ավելի լուրջ, իհարկե այս ամենը սիմվոլիկ է ասված ,և յուրաքանչյուրը ունի երջանկության իր պատկերացումները, երջանկության իր աշխարհը, իր անձնական երկինքը: Կարծում եմ՝ 7-րդ երկինքը այն երկինքն է , երբ հասնում ես ներդաշնակության ալիքի, երբ սերը այլևս միայն սեր չէ, այլ նաև հանգստությունը, խաղաղությունը, կես հայացքից իրար զգալը, ապրումակցելն է: Սա աշխատանք է, իհարկե. երկինքները կարող են բնականաբար ավելանալ, ավելանալ, ավելանալ. Հնարավորությունները անծայրածիր են:
- Թե՛ սեմինար-հանդիպումների շրջանակներում , թե՛ դրանցից դուրս , մշտապես կապի մեջ եք հայ մայրիկների հետ: Հետաքրքիր է՝ ինչպես Դուք կնկարագրեք ժամանակակից հայ մայրիկին:
Հայ մայրիկները ամենալավն են , իհարկե, ինչպես որ միշտ եղել են ՝ շատ հոգատար, անձնվեր: Այդ ամենի հետ մեկտեղ այսօր ես տեսնում եմ, որ ժամանակակից հայ մայրիկը նաև սկսել է մտածել ինքն իր մասին, իր հետաքրքրությունների մասին : Այլևս ամբողջովին չի խորասուզվում մայր դերի մեջ, նաև փորձում է պահպանել հավասարակշռությունը բոլոր ոլորտների միջև: Սա շատ գովելի է և ես շատ ուրախ եմ այս փոփոխության համար:
- Ձեր գրքերը լի են տեղեկատվական, հետաքրքիր և օգտակար խորհուրդներով: Հեռանկարում կա՞ արդյոք անցումը գեղարվեստական ժանրի:
Ճիշտն ասած, հեռանկարում չկա, այսինքն՝ մոտ ապագայում: Երկարաժամկետ նպատակների մեջ մտնում է: Մի օր միգուցե ներկայացնեմ գեղարվեստական գիրք, քանի որ արդեն իսկ շատ ունեմ գրված պատմվածքներ : Ուղղակի դա ավելի խոցելի է: Ինձ համար շատ ավելի դժվար կլինի ներկայացնելը, քանի որ դեռ պատրաստ չեմ քննադատություններ ընդունելու նման աշխատանքների վերաբերյալ : Այնուամենայնիվ, դրա օրն էլ կգա, զգում եմ արդեն, մի փոքր համարձակություն կհավաքեմ և միգուցե գեղարվեստական ժանրի գրքեր էլ ներկայացնեմ :
- Ձեր գրառումներից մեկում ասել եք. «…Ես իմ երազանքն եմ ապրում…անհավատալի է , բայց արդեն 2 գրքի հեղինակ եմ…»:
- Ինչ ասել է « ապրել երազանքը » :
Գիտեք, իրականում երբ երազանքները իրականություն են դառնում, մենք չենք էլ նկատում, բաղձանքով սպասում ենք այդ պահին, բայց երբ այն արդեն իրական է, սկսում ենք ապագա երազանքների մասին մտածել: Նրանք են երջանիկները, ովքեր կարողանում են նկատել, որ իրենց երազանքն իրականություն դարձավ, կանգ առնել և իսկապես վայելել այդ պահը…Ինձ հաջողվել է…
ԷՄՄԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
ՍԳՍ ֆակուլտետ, ՄՀ լրագրություն, 3-րդ կուրս
Comments