Ժամանակակից աշխարհի գրական դետեկտիվը
- Lilik Stepanyan
- 15 нояб. 2019 г.
- 11 мин. чтения
Գրող, գրականագետ, լրագրող Հովիկ Չարխչյանի հետ հնարավորություն ունեցա հանդիպել «Անժամանակ» գրքի շնորհանդեսին։ Նշանակված ժամից շուտ հասա գրախանութ ու հասցրի երկու խոսք փոխանակել նրա հետ՝ հիշեցնելով, որ նախապես պայմանավորվել էինք հարցազրույցի համար։ Նա այնքան ջերմ զրուցեց այդ ընթացքում, որ միանգամից անցան նախնական լարվածությունս ու անհանգստությունս։ Շնորհանդեսի ընթացքում նրան ձեռքից ձեռք էին խլում, բայց, բարեբախտաբար, կարողացավ մի քանի ազատ րոպե գտնել։ Գրախանութում ոչ աղմկոտ տարածք գտանք ու զրուցեցինք։

- Ի վերջո Չարխչյա՞ն, թե՞ Չարախչյան։
Չարխչյան։ Իմ ազգանունը հետաքրքիր պատմություն ունի։ Արմատը չարխն է՝ անիվ իմաստով, այլ ոչ թե չարոխը։ Ազգանունս այդպես էլ չսովորեցին արտասանել։ Ես տանջվեցի դպրոցում, բուհում, հետո՝ բանակում։ Հիմա էլ շատ դեպքերում լրագրողները հարցազրույցներում սխալ են գրում ազգանունս, բայց երբեք չեմ ուղղում։ Անցյալ տարի կատարվեց ամենավատը։ «Անտարես»-ը գիրքս հրատարակեց ու գրքի վրա իմ ազգանունը սխալ գրվեց, այնպես որ, արդեն հիվանդագին չեմ վերաբերվում դրան։
- Մանկության քա՞ղցր, թե՞ դառը հիշողություններ։
Միայն քաղցր։ Ես իրականում շատ լավ մանկություն եմ ունեցել։ Դառնության մասին խոսելն անիմաստ կլինի։ Իմ ծնողները ինձ համար ապահովել են հրաշալի, գունազարդ մանկություն։ Ես միայն լավ եմ հիշում․ վատ բան չի եղել, որ հիշեմ։
- Ձեր հարցազրույցներից մեկում ասել եք, որ չնայած Ձեր հայրը ֆինանսիստ էր, բայց բավականին շատ էր ընթերցում։ Իսկ ի՞նչ գրքեր էր կարդում։
Վեպեր էր շատ սիրում։ Դասականների էր կարդում։ Շատ էր սիրում հատկապես ամերիկյան և ռուսական արձակը։ Դոստոևսկու, Տոլստոյի գործերն էր կարդում, բայց լայն հետաքրքրությունների տեր մարդ էր։ Իմ ծնողները ընթերցող մարդիկ են եղել։ Գրքի նկատմամբ սերս, երևի թե, ժառանգաբար է փոխանցվել։ Ծնվել եմ թե չէ, մեր տունը լի է եղել գրքերով։ Այդ միջավայրում եմ մեծացել։
- Իսկ Դու՞ք ինչ գրքեր էիք ընթերցում այդ ժամանակ։
Ես վերածվեցի սիստեմատիկ ընթերցողի։ Կան չէ՞մարդիկ, որոնց ուղղություն են տալիս,ասում են, թե որ գրքերը պետք է կարդա, ուստի սեփական ընտրության համար քիչ ժամանակ մնաց։ Կարդացի այն, ինչ անհրաժեշտ էր կարդալ ու բանասիրական ֆակուլտետ ընդունվեցի։ Այն ժամանակ մեզ գրքերի հսկայական ցանկեր էին տալիս։ Օրական պետք է 250 էջ կարդայինք պարտադիր ծավալը լրացնելու համար, ուստի քիչ կար ընտրության հնարավորություն։
Հիմա եմ մեկ-մեկ ինձ այդպիսի շռայլություն թույլ տալիս։ Որքան էլ զարմանալի է, ես ինքս արձակ եմ գրում, բայց շատ սիրում եմ պոեզիա։ Շատ եմ սիրում բանաստեղծություններ կարդալ։ Նախանձում եմ լավ բանաստեղծություններ գրողներին։
- Իսկ սիրու՞մ եք մեր ժամանակակից պոեզիան։
Ոչ։ Ես մեր հեղինակներին էլ եմ ասում, որ ես չեմ հուզվում իրենց գործերը կարդալիս։ Ես չեմ կարողանում մարդկային լուրջ ապրումներ գտնել նրանց մոտ։ Չասեմ հիասթափված եմ, ուղղակի ցավում եմ, որ մեր պոեզիան այսօր իր ճգնաժամային շրջանն է ապրում։ Կարծում եմ, որ, երևի թե, հեռու չէ այն օրը, երբ մենք կունենանք լավ պոետներ, երբ բանաստեղծությունը կվերադառնա իր նախկին դիրքին։
- Լավ, վերադառնանք Վանաշեն։ Ի՞նչ հիշողություններ է արթնացնում Վանաշենի միջնակարգ դպրոցը։
Դպրոցական տարիներին ես բավականին բախտավոր եմ եղել։ Նախ, ես շատ լավ սովորող էի․ ոսկե մեդալով եմ ավարտել։ Ինձ դասավանդել են մարդիկ, որոնք հազար անգամ ավելին գիտեին, քան դպրոցական դասագրքերում էր գրված։ Գիտելիքի այդ ողջ պաշարը նրանք փոխանցում էին քեզ և սեր էին առաջացնում անգամ այն առարկաների հանդեպ, որոնք անհնար էր սիրել։ Ինձ համար երևակայությունից դուրս է, որ մարդը կարող է մաթեմատիկա կամ քիմիա սիրել, բայց ես սիրում էի, որովհետև ուսուցիչներս լավն էին։ Նրանք կարողացան իմ մեջ բազմակողմանի հետաքրքրություններով լի մարդ ձևավորել։ Մարդ, որը միայն գրականությամբ չի հետաքրքրվում։ Մարդ, որի համար ամեն ինչն է հետաքրքիր՝ սկսած արվեստի տարբեր տեսակներից մինչև գիտության տարբեր ճյուղեր։
- Վանաշենի միջնակարդ դպրոցից Երևանի պետական համալսարան։ Ինչպե՞ս ընդունեց Ձեզ Երևանը, համալսարանը։
Գրկաբաց։ Անմիջապես ուղարկեց շինջոկատ։ Հենց սեպտեմբերի 1-ին՝ առաջին օրը, մտել ենք լսարան, ու մեզ ասել են, որ գնանք տուն, հագուստ վերցնենք, որ մեկուկես ամսով գնանք Ախթալայի պահածոների գործարան։ Ամբողջ կուրսով գնացինք։ Այդ շինջոկատը մեզ համար շատ կարևոր դպրոց եղավ, որովհետև այնտեղ կուրսի մտերմությունը շատ ամրացավ։ Երբ վերադարձանք Երևան, որ սկսենք ուսումնառությունը, արդեն այնքան հարազատ էինք, կարծես մի ընտանիք լինեինք։
- Իսկ մինչև հիմա պահպանու՞մ եք կապը կուրսընկերների հետ։
Այո, մինչև հիմա պահպանում ենք։ Պարբերաբար հանդիպում ենք։ Համակուրսեցիներիցս շատերը այսօր արդեն դասավանդում են, բազմաթիվ հաջողությունների են հասել։
- Հայտնի է, որ Դուք աշխատել եք Հայկական ժամանակում որպես պատասխանատու քարտուղար։ Այդ ժամանակ է՞լ էիք ստեղծագործում։
Միշտ։ Միշտ գրել եմ։ Այլ խնդիր է՝ տպագրվել եմ, թե ոչ։ Ամենաչսիրածս զբաղմունքը տպագրվելն է։ Ես կարծում եմ, որ այդ պրոցեսը սպանում է ստեղծագործող մարդուն, որովհետև այդ տեխնիկական, տպագրական պրոցեսը քեզ ուղղակի մահամերձ վիճակի է հասցնում։ Դու չես ունենում այն ապրումները, որ ունեցել ես ստեղծագործելու ժամանակ։
Այո, ստեղծագործում էի նույնիսկ աշխատանքի ժամանակ։ Երբ գիշերները ուշ ժամերին սպասում էինք, որ տպարանում ինչ-որ հոգսեր հոգան, ես ինչ-որ թղթեր էի գտնում, գրառումներ էի անում, տանում էի ու տանը լրացնում։
Լավ շրջան էր Հայկական ժամանակը։ Շատ սիրով եմ հիշում այն։ Շատ լավ խմբագրական կազմ ու լրագրողներ ունեինք։ Լուսավոր, ակտիվ մարդիկ էին։
- Իսկ ի՞նչ կարծիքի եք մերօրյա լրագրության մասին։
Եթե ես սկսեմ անընդհատ համեմատել, ապա պետք է նույն նախադասությունը կրկնեմ` «դե, մեր ժամանակ լավ էր», բայց չեմ ուզում այդպիսի բան ասել։ Այնպես չէ, որ հիմա լավը չկա։ Բոլոր ժամանակներում էլ կա թե՛ լավը, թե՛ վատը, ուղղակի ես շատ ծանր եմ տանում այն հանգամանքը, որ կարդում եմ ու շատ տառասխալներ, մտքի սխալներ եմ տեսնում։ Շատ կեղծ լուրեր են գրում։ Ֆեյք հասկացությունը աղետ է այս ժողովրդի համար։ Կցանկանայի, որ մեր լրագրությունը գրագետ ու անաչառ լիներ, որովհետև մենք ամեն ինչ մեր ժամանակին արել ենք այդպիսին լինելու համար, ուստի չէի ուզի, որ այսօրվա սերունդը այլ ճանապարհ ընտրեր։
- Լավ, մի փոքր խոսենք Ձեր բուն գրական գործունեությունից։ Ե՞րբ ծնվեց գրող Հովիկ Չարխչյանը։
Ես շատ վաղուց եմ գրում։ Դպրոցական տարիներին արդեն տպագրվում էի, չնայած դրա հեռանկարից միշտ վախենում էի։ Բազմաթիվ անգամ առաջարկել են, որ այդ տարիներին հրատարակեմ գիրքս, բայց մերժել եմ։ Ես մի մարդ եմ, որն իր առաջին գիրքը տպագրեց 40 տարեկանում։ Ես այդքան վախենում էի տպագրվելուց, որովհետև մտածում էի, թե պատասխանատվության ինչ աստիճան պիտի ունենաս, որ քո խոսքը հանձնես հանրության քննությանը։ Հիմա, երբ տեսնում եմ, թե որոշ մարդիկ ինչ արագությամբ են գրքեր գրում ու տպագրում, ապշում ու զարմանում եմ։ Մտածում եմ՝ եթե ես էլ ունենայի նրանց համարձակությունն ու վստահությունը, աշխարհներ շուռ տված կլինեի, բայց ձևն այդպես չէ։ Պիտի գիրքն ամբողջությամբ եփվի ներսումս, համոզված լինեմ, որ արդեն վերջնական վիճակում է, որից հետո միայն տանեմ ու տպագրեմ։
- Ձեզ կարելի է սևակագետ ու չարենցագետ անվանել։
Չեմ սիրում այդ արտահայտությունները։ Երբեք չէի ուզի, որ ինձ այդպես կոչեին։ Այո, ես ուսումնասիրել եմ նրանց կյանքը, բայց երբ ավելացնում են այդ գետ մասնիկը, մի տեսակ աշխատանքս ջուրն է ընկնում։ Երբ ես պատմում եմ Սևակի մասին, ես միայն նրա մասին չեմ խոսում։ Ես պատմում եմ սիրո, հավատարմության, նուրբ զգացմունքների մասին, որոնք դուրս են սևակագիտություն հասկացությունից։
- Ունե՞ք նմանություններ այս գրողների հետ։
Կարծում եմ՝ գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ ցանկացած մեկը, որն անգամ ուրիշի մասին է պատմում, մասամբ պատմում է նաև իր մասին։ Դա բնական է, որովհետև մենք աշխարհը մեր տեսածով ենք ընկալում, ու այս իմաստով ես ներկա եմ ցանկացած կերպարի մեջ։
- Որքան գիտեմ, Սուլամիթան գրելու համար հենց անձամբ նրան եք հանդիպել։ Կպատմե՞ք այդ հանդիպման մասին։
Երբեք չեմ հանդիպել Սուլամիթային։ Մենք նամակագրություն ենք ունեցել։ Մի քանի անգամ հրավիրել եմ Հայաստան, բայց հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ չի կարող արդեն լինել մի երկրում, որտեղ Սևակը չկա։ Շատ խելացի, բարի, մեծահոգի կին է։ Ճիշտ է, դժվարությամբ տրամադրեց այդ ամեն ինչը, բայց հասկացավ, որ խոսքն այստեղ միայն Պարույր Սևակի մասին չէ, այլ խոսքը հայ մեծ գրողի, նրա գրական ժառանգության մասին է, և այդ իմաստով դրա տերը հայ ժողովուրդն է ու հայ ընթերցողը։ Ուրախ եմ, որ այդ գիրքը ծնվեց։ 15 տարի է՝ մարդիկ շարունակում են կարդալ այդ գիրքը։ Երևի թե, ամեն հեղինակի երազանքը պիտի լինի գրել այնպիսի մի բան, որ այդքան ժամանակ ընթերցվի, բայց ես դա արդեն համարում եմ կյանքիս անցած փուլ․չեմ սիրում, երբ անընդհատ վերադառնում են այդ թեմային։ Ես ավելի առաջ նայող եմ։ Ավելի շատ մտածում եմ, թե վաղը ինչ պիտի գրեմ, քան ինչ եմ գրել։ Հենց նոր այստեղ մի լրագրող ինձ հարցրեց, թե քանի գիրք եմ գրել ու ես ֆիքսեցի, որ երբեք չեմ հաշվել գրածս գրքերի քանակը։ Իսկապես չգիտեմ, որովհետև այդ թվաբանությունը ինձ երբեք չի հետաքրքրել։
- Այնուամենայնիվ, եթե հանդիպեիք Սևակին, ի՞նչ հարց կուղղեիք։
Այնքան գաղտնիքներ կան, որ ինձ մտահոգել են այս երկար տարիների ընթացքում։ Շատ-շատ հարցեր կունենայի տալու, բայց, զարմանալի է, որ իմ և նրա զրույցը համարյա չէր առնչվի գրականության հետ․ բոլորովին այլ բաների մասին էի հարցնելու նրան։
- Ձեր գրքերը գրելիս բազմաթիվ տպավորիչ նյութեր եք կարդում։ Երբեմն դրանք կարող են ծանր և երկարաժամկետ տպավորություն թողնել։ Մի՞թե այդքան տեղեկությունը բեռ չէ Ձեզ համար։
Ես ձեզ ավելին ասեմ, նրանց հետ հավասար տառապում ես, մտնում ես նրանց մաշկի մեջ։ Ես հիշում եմ, որ «Չարենցի կրակոցը» գրելիս Չարենցի կնոջ մահից հետո նրա հոգեկան տառապանքների նկարագրությունը, պատմությունները շարադրելիս զգացի, որ արդեն ֆիզիկապես այնպես եմ կեղեքված, որ ինձ որոշ ժամանակ հանգիստ է պետք, որ դուրս գամ այդ դերից։
- Ձեզ կարելի է գրական դետեկտիվ անվանել, որն արդեն բացահայտել է Սևակին ու Չարենցին։ Կա՞ արդեն հաջորդ հերոսը։
Այո, կա։ Հենց հիմա գրվում է այդ գիրքը, բայց չեմ ասի՝ ում մասին։ Շատ հետաքրքիր է լինելու նախ այն իմաստով, որ մարդիկ առաջին անգամ են իմանալու այդ մասին։ Պատմությունը շատ մանրակրկիտ է ներկայացվելու։ Այդ գրքում լինելու են շատ նորահայտ վավերագրեր, բանաստեղծություններ, նամակներ հեռագրրեր և այլն։
- Իսկ ե՞րբ այն կհանձնեք ընթերցողի դատին։
Ես ամեն պահի պատրաստ էի տպագրել այն, բայց միշտ ինչ-որ հանգամանք խանգարում էր։ Նպաստավոր ժամանակ եմ ուզում դրա համար։ Երբ մարդկանց ուղեղները դատարկ կլինեն, ու այս քաղաքական անցուդարձը կանցնի, այդ ժամանակ կկարողանան գրքի վրա կենտրոնանալ։
- Գրողներին հաճախ են հարցնում, թե ինչն է նրանց ոգեշնչման աղբյուրը։ Մի՞թե գրողն ունի այդ աղբյուրը։
Ոչ, չունի։ Ոգեշնչման աղբյուրներ չեն լինում, բայց լինում են հանգամանքներ, որոնք նպաստում են, որ դու ավելի ակտիվ ու ոգևորված աշխատես։
- Կա՞ն հատուկ պայմաններ, որ անհրաժեշտ են Ձեզ գրելու համար։
Այո, կան, բայց ես, բնական է, երբեք չեմ արժանանա դրանց։ Այդ պայմանները խորը լռությունն ու միայնությունն են, բայց իմ դեպքում դա բացառվում է․ինձ ոչ ոք չի թողնի, որ ես մենակ մնամ, ու ոչ մեկը ինձ չի երաշխավորի խորը լռություն։
- Դուք մի շատ հայ գրողների հետ եք շփվել, որոնցից են օրինակ Համո Սահյանը, Հրանտ Մաթևոսյանը։ Ի՞նչ արժեքավոր խորհուրդներ են տվել նրանք Ձեզ, որոնք գուցե օգնել են գրական գործունեություն ծավալելու ընթացքում։
Այն պահերին, երբ նրանք ինչ-որ բան էին ասում, մեզ թվում էր, թե դրանք Աստվածաշնչից քաղված տողեր են։ Նման պահերին քեզ համար մեծություն համարվող մարդկանց ցանկացած խոսք քեզ համար դառնում է վերերկրային պատգամ, այնպես որ, այն ամենը, ինչ նրանք ասել են կամ նույնիսկ չեն ասել, նրանց ներկայությունը արդեն իսկ պատգամ էր։
- Մեր օրերում տարածված կարծիք կա, որ գրողի վաստակով տուն պահելն այդքան էլ հեշտ չէ, բայց կարծես թե Դուք բացառություն եք։
Երբևէ չհավատաք, որ որևէ գրող իր գրական գործունեությամբ կարող է ընտանիք պահել։ Այդպիսի բան Հայաստանում հնարավոր չէ մոտակա 30-40 տարում։ Բնականաբար, մենք նաև այլ գործունեություն ենք ծավալում, որ կարողանանք կենցաղային հոգսերը հոգալ։ Պարզագույն հաշվարկ անելով՝ մարդիկ կարող են հասկանալ, թե միջին հաստության գրքի տպաքանակից որքան է կազմում գրողի եկամուտը։ Նրանք կտեսնեն, որ դա չնչին գումար է։
- Ե՞րբ է գրողն իրեն հասարակության կողմից գնահատված զգում։
Ես երբեք չեմ մտածել հասարակության կողմից գնահատվելու մասին։ Ինձ համար շատ կարևոր է, որ ես ինքս իմ կողմից գնահատվեմ, ես ինձ բավարարեմ։ Ես շատ դժգոհ եմ ինձնից։ Եթե ես հանկարծ մի տեղ որևէ մեկի մոտ ասեմ, որ ինձնից շատ գոհ եմ մնացել, ուրեմն պատկերացրեք՝ իրականում ինչքան գոհ եմ (ժպտում է): Եթե դու գոհանաս քեզնից, ուրեմն դու կորած մարդ ես, ուրեմն դու չես հասկանում, որ կա կատարելության ուրիշ աստիճան։ Չի կարելի բավարարվել մի բանով, պետք է անընդհատ ավելիին ձգտել։ Հասարակական կարծիք ասվածն էլ շատ խաբուսիկ է, հասարակությունն էլ շատ բազմաշերտ է ինտելեկտուալ և այլ առումներով։ Չի կարելի ֆեյսբուքում տափակ բանաստեղծություն դնել, դրա տակ հավաքել հազար լայք ու մտածել, որ դու ամենամեծ բանաստեղծն ես։ Հասարակական կարծիքին չի կարելի խաբվել։ Հիմա էլ շատ մարդիկ գալիս ասում են, թե ինչ լավ է, որ գիրք եմ գրել և այլն։ Իհարկե, շատ շնորհակալ եմ այդ ջերմ խոսքերի համար, բայց այնպես չէ, որ ես հավատում եմ (ծիծաղում է)։
- Կարևորություն տալի՞ս եք կոչումներին, մեդալներին։
Ինչի՞ մասին է խոսքը։ Կյանքումս երբեք որևէ կոչում, մեդալ չեմ ստացել։ Միշտ հրաժարվել եմ դրանցից։ Չեմ մասնակցել որևէ մրցանակաբաշխության։ Կտրուկ դեմ եմ այդ ամենին։ Դրանով չեն չափում գրողի մեծությունը։ Եղիշե Չարենցը ոչ մի կոչում ու ոչ մի պարգև իր կյանքում չի ունեցել, բայց նա Եղիշե Չարենցն է։
- Ֆեյսբուքում Դուք հազարավոր ընկերներ ունեք, իսկ իրականու՞մ։
Կախված նրանից, թե ինչպես ենք ընկալում։ Եթե դրան մոտենանք ընկեր ասելու իմ չափանիշով, ապա ես կյանքում, երևի թե, երեք ընկեր ունեմ, իսկ եթե ընդհանուր օգտագործման ընկերության հասկացությունը մեջտեղ բերենք, ապա՝ տասնյակ հազարներով։
- Ձեր ֆեյսբուքյան վաղ շրջանի հոլովակների մեծ մասը տարբեր ժանրերի երգեր են. ի՞նչ տեղ ունի երաժշտությունը Ձեր կյանքում։
Երևի թե, լավագույն բանն իմ կյանքում երաժշտությունն է։ Շատ եմ սիրում երաժշտությունը ու այն արվեստներից ամենամեծն եմ համարում, որովհետև այն ներգործությունը, որ երաժշտությունն ունի մարդու վրա, արվեստի որևէ ճյուղ չի կարող ունենալ։ Տարբեր ժանրերի երաժշտություն եմ լսում՝ սկսած այսօրվա երիտասարդների նախընտրած երգերից մինչև դասական կոմպոզիտորների ստեղծագործություններ, ժողովրդական, գուսանական երգեր։
- Իսկ երաժշտական որևէ գործիքի տիրապետու՞մ եք։
Դաշնամուր եմ նվագում։ 7տարի դաշնամուրի եմ գնացել։
- Հայտնի է, որ Դուք մետաղադրամներ, կրծքանշաններ եք հավաքում։ Ինչ-որ բան ավելացե՞լ է այս շարքին։
Ընթացքում դրանք միշտ ավելանում են։ Ես հին լուսանկարներ եմ հավաքում։ Եթե ինչ-որ տեղ տեսնում եմ, ձեռք եմ բերում։ Ինչ-որ մեկի մոտ տեսնելու դեպքում խնդրում եմ, որ նվիրի։
- Ձեր հարցազրույցներից մեկում ասել եք, որ Ձեր երանելի վիճակն այն կլինի, երբ տասը ժամ քնեք։ Դա արդեն պատահե՞լ է։
Էլ մի՛ ասեք այդ բառն ինձ մոտ։ Բարձր մի՛ արտասանեք։ Ինձ վատ եմ զգում։ (ծիծաղում է)։ Տեսեք, ինձ այսօր չհաջողվեց ոչ մի կերպ քնել, ու ես այդպես հոգնած գնացի Հանրային հեռուստաընկերություն՝ նկարահանման, այնտեղից եկա այստեղ, իսկ հետո պետք է ուրիշ տեղ գնամ։ Բնականաբար, այդ ընթացքում բոլոր աշխատանքերը մնում են, ու ես պիտի գիշերը աշխատեմ։ Այնպես որ, քնելը դեռ երազանք է։
- Մեր ժամանակի Ձեր հերոսը դեռ հայ գյուղացի՞ն է, թե՞ փոխվել է։
Ոչ ։ Միշտ մնում է։ Ավելի կոնկրետ ասեմ։ Մի առիթով ասել եմ, որ եթե աշխարհում եղել է մի մարդ, որին ցանկացել եմ նմանվել, հայրս է։ Այդ երազանքս դեռ շարունակում է չիրագործված մնալ․դեռ չեմ նմանվել նրան, ինչպես որ հարկն է։ Պիտի գյուղում ապրես, շփվես նրանց հետ, որ հասկանաս, թե գյուղացու կերպարը իր մեջ ինչեր է պարունակում, բևեռացնում, ինչպիսի հատկանիշներ ունի։ Ես 38 տարուց ավելի է՝ Երևանում եմ ապրում, բայց միշտ գյուղացի եմ։ Ես երբեք ինձ երևանցի չեմ համարել ու չեմ համարելու։ Ես միշտ գյուղացի եմ։ Ամեն շաբաթ պարտադիր գյուղ եմ գնում, ոչ միայն մերոնց այցելության, այլ նաև այն միջավայրում լինելու համար, որն ինձ ամենահոգեհարազատն է։
- Մի փոքր խոսենք Ձեր ընտանիքից։ Դուք երկու որդի ունեք։ Որքանո՞վ է գրողի գենը անցել Ձեր զավակներին։
Ես ինքս չէի թողի, որ անցնի, որովհետև, երբ դու զբաղվում ես ստեղծագործական աշխատանքով, տեսնում ես, թե դրա դիմաց ինչով են հատուցում, ու նույնը չես ցանկանում քո երեխաներին։ Իմ երեխաները բոլորովին այլ մասնագիտություն ունեն․ նրանք ծրագրավորողներ են։ Այդ աշխատանքով են վաստակում։ Հրաշալի ընտանիք ունեմ։ Շատ լավ կին ունեմ, որն իմ մեծագույն օգնականն է;
- Ասում են, որ յուրաքանչյուր հաջողակ տղամարդու կողքին, միշտ ուժեղ կին է կանգնած։ Ձեր դեպքում է՞լ է այդպես։
Հենց այդպես էլ կա։ Ես շատ լավ կին ունեմ, որն իմ մեծագույն օգնականն է։ Մենք համակուրսեցիներ ենք եղել։ Դե իսկ երջանկությանս գագաթնակետը երկու թոռնիկներս են, որոնցից այն կողմ աշխարհում ոչինչ չեմ ուզում։ Դա իմ բացարձակ երջանկությունն է։
- Գրողների սիրային նամակները երբևէ ծառայե՞լ են իբրև օգնող գործիք անձնական կյանքում։
Ոչ։ Ես ինքս ավելի լավ եմ գրում (ծիծաղում է)։
- Ձեր և Ձեր կնոջ մասնագիտությունը անմիջականորեն առնչվում են լեզվին։ Լինու՞մ են անհամաձայնություններ այդ ոլորտում։
Իհարկե, միշտ։ Որևէ բառի, արտահայտության, շարադասական կամ շարահյուսական ձևակերպման հետ կապված։ Մենք չենք վիճաբանում, ուղղակի քննարկում ենք և միասին փորձում ենք գտնել լավագույն տարբերակները։ Պատահական չէ, որ գրքերը տպագրելուց առաջ առաջին ընթերցողը կինս է։ Նա ամենադաժան քննադատն է․ երեսիդ կասի՝ ինչն է վատ, ինչը՝ լավ, ու թույլ չի տա տպագրության հանել, մինչև ամեն ինչ չշտկվի։ Շատ լավ օգնական ունեմ, ու նա ինձ միշտ սթափ է պահում։
- Ձեր ֆեյսբուքյան էջում հաճախ կարելի է Ձեր թոռնիկի մասնակցությամբ հոլովակներ տեսնել։ Նա Ձեզ հիշեցնու՞մ է մանուկ Հովիկ Չարախչյանին։
Ես չգիտեմ՝ ճիշտ եմ անում, թե ոչ, բայց ուզում եմ թոռնիկիս մեջ տեսնել իմ բոլոր չիրականացած երազանքները։ Նա էլ է Հովիկ Չարխչյան, ու ես էլ իրեն ասում եմ, որ ազգանունը պարտավորեցնող է։ Միակ բանը, որ ուզում եմ, որ լավ մարդ լինի։ Ինձ քիչ է հետաքրքրում, թե ինչ մասնագիտություն կընտրի, ինչ հաջողություններ կունենա։ Կարևորն այն է, որ երբ նա դուրս գա հասարակության մեջ ու մարդիկ տեսնեն նրան, ասեն, որ լավ մարդ է քայլում։
- Չիրականացած երազանքներից խոսեցիք։ Շա՞տ են դրանք։
Շատ։ Անսահման շատ։ Կան երազանքներ, որոնք այլևս ոչ մի գնով չեմ կարող իրականացնել։ Կան երազաննքեր, որոնք ծածուկ փայփայում եմ․չեմ բարձրաձայնի․ որ չփախչեն ինձնից։
- Ֆեյսբուքյան գրառումներից մեկում ասել եք․<<Ջնջել՝ այդպես էլ չհասկացած, որ ամեն ինչ կարելի է ջնջել, բացի մի բանից՝ ջնջվածի մասին հիշողությունից>>։ Հաճա՞խ է հիշողությունները ջնջելու ցանկություն առաջանում։
Երբեմն ինչ-որ բան ջնջելու անհրաժեշտություն, հարկադրանք է առաջանում, բայց արդեն ցավով ես դիմում այդ քայլին, որովհետև ամեն ջնջված բան արդեն իսկ քո մի մի մասնիկն է, ու քոնն է մնում։ Այն վերքի սպիի պես իր հետքն է թողնում։ Դրանից անհնար է խուսափել։ Ինչքան էլ ասես՝ ջնջեցի, մեկ է, սպին մնում է։
- Մի առիթով ասել եք․ <<Գրականությունն ու ժամանակակից աշխարհը չեն լսում ու չեն ուզում իրար նկատել։ Յուրաքանչյուր ցանկանում է լինել առավելագույնս ինքնուրույն, և արդյունքում երկուսն էլ մեծապես տուժում են>>։ Ինչպե՞ս եք շարունակում ժամանակակից աշխարհում ապրել գրականությամբ։
Ես անում եմ ճիշտ հակառակը (ծիծաղում է)։ Փորձում եմ անել ճիշտ հակառակը, որ ինչ որ բան ստացվի։ Փորձում եմ տեսնել աշխարհը, և ստիպել աշխարհին, որ տեսնի ինձ։

Եվա Հարությունյան
ՍԳՍ ֆակուլտետ, ՄՀ լրագրություն, 3-րդ կուրս
Opmerkingen