top of page
Фото автораLilik Stepanyan

Չեմ երազում շատ շքեղ հարսանիք ունենալ`այն հարսանիքների նման, որ նկարում եմ. Հայկուհի Եսայան

Հարցազրույցը մեր օրերում ճանաչված լուսանկարիչ Հայկուհի Եսայանի հետ է:


-Հայկուհի Եսայանը՝ որպեսլուսանկարիչ, այնքան էլ վաղուց չի մուտք գործել այդ բնագավառ: Երբևէ պատկերացրե՞լ եք, որ կունենաք այն զբաղվածությունն ու ճանաչումը, որ այդքան կարճ ժամանակում ձեռք բերեցիք:

-Այդ զբաղվածությունը ինձ չի խանգարում, քանի որ այն աշխատանքը, որը որ ես եմ անում, անում եմ շատ մեծ սիրով և հոգնածություն երևի թե զգում եմ միայն այն ժամանակ, երբ պառկում եմ քնելու, քանի որ հարսանիքի ընթացքում հնչող երաժշտության ձայները, կենացները, ամեն ինչը այդ պահին գալիս են մտքիս և նույնիսկ երազներումս եմ տեսնում այդ ամենը:

-Ի՞նչն է Ձեզ առանձնացնում մյուս լուսանկարիչներից:

-Դժվար է պատկերացնել, որ ես առանձնաում եմ այս ոլորտի մյուս ներկայացուցիչներից, որովհետև էլի կան մարդիկ, որոնք նկարում են ինձ նման հարսանիքներ, հարսին, փեսային… Չեմ կարող ասել՝ ինչով է պայմանավորված, սակայն այդ գնահատականը ստանում եմ իմ հաճախորդների կողմից, քանի որ զանգերը անդադար են, ամեն օր, նույնիսկ օրը մի քանի անգամ. դա ամենամեծ գնահատականն է, որ ես կարող եմ ինքս ինձ տալ:

-Բացի ճիշտ լուսանկարելուց և վերամշակելուց՝ էլ ի՞նչ պետք է անի լուսանկարիչը, որպեսզի նկարը դառնա յուրահատուկ ու հիշվող:

Ուրեմն ասեմ՝ նախ պետք է նկարը լինի շատ ճիշտ պահին արված, ճիշտ վայրում, հետևի տեսարանը լինի շատ գեղեցիկ: Նկարում պետք է լինի էմոցիա, որը կհաղորդվի դիտողին, և դիտողը այն անպայման կզգա: Այսինքն՝ մինչ լուսանկարը «գեղեցկացնելը», վերամշակելը, այն պետք ՝է լինի ջերմ լուսանկար: Ես այդպես եմ կարծում և փորձում եմ, իրականում, հենց դա տեղադրել իմ ինստագրամյան էջում, որպեսզի բոլորն էլ զգան այդ սերն ու ջերմությունը: Հենց դա է, որ շատ հաճախ ձգտում եմ ցույց տալ և ես նույնիսկ կասեի պատահական պահին արված: Եթե նկատել եք իմ հիմնական նկարները արված են պատահական, իհարկե մեծամասնությունը, երբ հարսն ու փեսան չեն նայում միմյանց, կամ չեն նկատում, որ նկարում են իրենց ու փորձում եմհետաքրքիր պահերը որսալ այդ ընթացքում:

-Իսկ ե՞րբ է բջջային հեռախոսը փոխարինում պրոֆեսիոնալ տեսախցիկին:

-Անկեղծ ասած, մեկը մյուսին չի փոխարինում, երկուսն էլ աշխատում են միաժամանակ: Հեռախոսով արված նկարները իմ հետևորդների համար են ինստագրամում, իսկ պրոֆեսիոնալները իմ պատվիրատուների համար: Այնպես որ, երկուսն էլ միշտ միացված են, իմ ձեռքում, միշտ կարմիր կոճակի վրա է մատս: Հեռախոսով հիմնականում վիդեոներն եմ անում, չնայած լուսանկարում էլ եմ:

-Բավականին խիտ գրաֆիկ ունեք, գրեթե ամեն օր զանգեր, պատվերներ… Ե՞րբ և ինչպե՞ս եք կարողանում կազմակերպել Ձեր հանգիստը:

-Այո՛, գրաֆիկս իսկապես շատ խիտ է, սակայն, չգիտեմ, հիշում եք թե ոչ, կամ հետևում եք էջիս, դադար էի տվել որոշ ժամանակով, հանգիստ էի վերցրել, ոչ մի հարսանիք չէի նկարում. գնացել էի Հունաստան հանգստանալու: Ի դեպ ասեմ, որ դա ինձ իսկապես պետք էր, այդ աղմուկից, շատ պատվերներից հետո Հունաստանը շատ լավ ընտրություն էր հանգիստս կազմակերպելու համար: Առհասարակ շատ քիչ հնարավորություն է ընձեռվում հանգստանալու (ծիծաղում է):

-Կասե՞ք ազատ ժամանակի Ձեր ամենասիրելի զբաղմունքը:

-Ազատ ժամանակ փորձում եմ կրկին լուսանկարել, գուցե անսովոր թվա, բայց ինքս ինձ համար բնանկարներ էլ եմ նկարում ու, հավատացեք, սիրով եմ անում այդ ամենը: Հա՛, մեկ էլ փորձում եմ ֆոտոլուսանկարներիս վրա աշխատել, լուսային էֆեկտները, ֆոները շտկել…

-Ձեզ ճանաչողներից շատերն են նշում, որ չափից դուրս բարեհամբույր եք և աշխատում եք համարյա չմերժել ոչ ոքի:

-Օ՜յ, պատկերացրեք հաճելի էր նման բան լսել, բայց գիտեք՝ լինում է այնպես, որ շատ հոգնած եմ լինում, և այդ հոգնածության հետ մեկտեղ ինձ զանգեր են գալիս, որ պատվեր պետք է գրանցեմ, այդ ժամանակ ասում եմ՝ Հայկուհի՛, հերի՛ք է, մի քիչ էլ դու՛ հանգստացիր; Հետո, չգիտեմ՛ ինչն է կրկին ինձ ստիպում պատվերը ընդունել: Իմ օրը չափազանց հագեցած է լինում, և այնպես է պատահում, որ 2 հարսանիք էլ եմ նկարում, վազում եմ այստեղից այն տեղը, որպեսզի հասցնեմ:

-Ի՞նչը կարող է Ձեզ հունից հանել:

-Իսկապես սա այն հարցն է, որ կարող եմ ասել՝ բոլորն կարծում են՝ Հայկուհին շատ հանգիստ բնավորություն ունի, հունից դուրս չի գալիս, բայց դա այդպես չէ: Ես պարզապես կարողանում եմ էմոցիաներս զսպել: Եթե խոսքը վերաբերում է հարսանիքի ընթացքում ինչը կարող է ինձ հունից հանել, ապա ասեմ՝ ինչն է ինձ նյարդայնացնում: Դե բոլորս գիտենք, որ հարսանիքի ժամանակ այլ նկարահանող խմբեր ևս հրավիրված են լինում, և այդ ժամանակ նրանք խոչընդոտում են իմ աշխատանքը, այսպես ասած, շրջապատում են, չեն թողնում, որ իմ հերթը գա: Սակայն ես շատ հանգիստ կերպով բացատրում եմ, որ ես նույնպես հրավիրված եմ, ինձ վարձատրում են, և թողնեն՝ ես էլ հանգիստ նկարեմ: Հարսանիքի ընթացքում հիմնականում այս երևույթն է ինձ նյարդայնացնում: Իսկ ընդհանրապես կյանքում ես, իրոք, շատ համբերատար և հանգիստ մարդ եմ:

-Օրական հազարավոր մարդկանց հետ եք շփվում թե՛ գործի բերմամբ, թե՛ աշխատանքի վայրում, և, իհարկե,համացանցում: Իսկ իրականում ո՞ւմ հետ եք լիարժեք լիցքաթափվում:

-Գիտեք՝ ես յուրաքանչյուր մեկի, ում հետ շփվում եմ, որը կարող է լինել լավ մարդ, ես չեմ կարող նրան համարել մտերիմ ընկեր: Դուք ճիշտ եք ասում, ինստագրամում ունեմ 70.000-ից ավել հետևորդներ, բայց իրոք մտերիմ այդքանից կարող եմ համարել մոտավորապես տասը հոգու, քանի որ ինքս այդքան էլ բաց մարդ չեմ, շատերին ինձ մոտ չեմ թողնում և ճիշտն ասած, շահագրգռված էլ չեմ շատ մեծ շրջապատ ունենալ: Ես շատ լավ ընկերնեիր ունեմ, որոնք իսկապես ցանկացած պահի ինձ օգնում են, ազատ ժամանակը հիանալի անցկացնում ենք, ինչ-որ մի տեղ ենք գնում, ու հենց այդ ժամանակ է, որ իսկապես լիարժեք լիցքաթափվում եմ:

-Հայտնի է, որ լուսանկարում եք միայն հարսին ու փեսային:Ինչո՞ւ:

-Բոլորն են այս հարցը տալիս (ժպտում է): Կպատասխանեմ Ձեր հարցին (ինչպես միշտ նույն պատասխանն եմ տալիս): Երբ որ սկզբում չէի նկարում ու մասնակցում էի հարսանիքներին, տեսնում էի, որ հիմնականում հարսի ու փեսայի վրա չեն կենտրոնանում, քանի որ լինում էին, այսպես ասած, «թեթև», «թիթիզ» հյուրեր, որոնք նկարչին ասում էին այսպես նկարի՛ր, այնպես նկարի՛ր, և այդ ընթացքում հարսն ու փեսան շատ գեղեցիկ պահեր էին կորցնում: Եվ երբ սկսեցի այս գործով զբաղվել, հասկացա, որ պետք է նկարեմ միայն հարսին ու փեսային, որովհետև դա է նրանց օրը, նրանք են օրվա թագավորն ու թագուհին, և ամբողջ ուշադրությունը պետք է հենց իրենց նվիրված լինի:

-Պատահե՞լ է, որ հաջող լուսանկար եք ունեցել, սակայն չեք հանձնել հասցեատերերին:

-Չեմ հիշում այնպիսի դեպք, որ նկարը լինի լավ, հաջողված, սակայն ես դա ցույց տված չլինեմ հասցեատիրոջը: Կարծում եմ՝ չի եղել նման դեպք:

-Առաջիկայում ի՞նչ պլաններ կամ նախագծեր ունեք:

-Ոչ բոլորին է հայտնի, որ ես ունեմ 2 էջ ինստագրամում: Մի էջը գաղտնիք է, թե ինչու եմ բացել: Ես անընդհատ խոսում եմ 50.000 հետևորդ ունենալուց հետո բոլորդ կիմանաք՝ ինչ նպատակով է ստեղծված այդ էջը: Իսկ աշխատանքի հետ կապված հենց սա կլինի իմ առաջնային անելիքը, որի մասին կգերադասեմ այդքան չմանրամասնեմ:

-Հարսանիք ունենալու դեպքում որոշե՞լ եք՝ ով է ստանձնելու այդ օրը Ձեզ լուսանկարելու կարևորագույն պարտականությունը:

-Ասեմ, երևի թե զարմանաք, որովհետև ես չեմ երազում շատ շքեղ հարսանիք ունենալ,այն հարսանիքների նման, որոնք հիմնականում նկարում եմ: Բայց եթե ինչ-որ խնդիր լինի այդ ամենը կքննարկեմ իմ երկրորդ կեսի հետ և մենք միասին կորոշենք՝ ով լուսանկարի:



Զառա Ավետիսյան

ՍԳՍ ֆակուլտետ, ՄՀ լրագրություն, 3-րդ կուրս

57 просмотров0 комментариев

Comments


bottom of page