top of page
  • Фото автораLilik Stepanyan

Ինձ միշտ գրավել է այն ամենը ինչը գեղեցիկ է և կապված է էսթետիզմի հետ. Մերի Ստեփանյան

Ասում են «Զգեստը կնոջ նախաբանն է, երբեմն նույնիսկ՝ ամբողջ գիրքը»: Եկեք ճանաչենք «գրքեր գրող», հայ դիզայներ Մերի Ստեփանյանին:



-Ե՞րբ առաջացավ դիզայներ դառնալու Ձեր ցանկությունը։ - Ինձ միշտ գրավել է այն ամենը ինչը գեղեցիկ է և կապված է էսթետիզմի հետ: Չի եղել այնպես, որ մանկուց հենց դիզայներ դառնալը լինի բաղձալի երազանք, բայց ճանապարհը ինձ հենց այստեղ բերեց: Արվեստի հանդեպ սերս և հետաքրքրությունս շատ ավելի մեծ է եղել: Մայրս նույնպես մասնագիտությամբ դիզայներ է, գուցե դա էլ հենց ունեցել է իր մեծ ազդեցությունը ինձ վրա:

- Ձեր մայրը ուրա՞խ էր Ձեր մասնագիտության ընտրության համար: - Երբևիցե չի եղել նման բան: Իմ ընտրությունները եղել են ազատ, ծնողներս միայն հարգել են ցանկություններս և փորձել են աջակցել: Բայց մայրս հպարտ էր և շատ ուրախ, որ իր գործը շարունակող է լինելու:

-Որտե՞ղ եք սովորել: -Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի Գեղարվեստի պետական ակադեմիա: Շատ լավ մասնագետներ էին մեզ սովորեցնում: Հիմնական գիտելիքներս ես այդտեղ ստացա: Մայրս նույնպես ուսուցիչ էր ինձ համար: Նրանից էլ շատ բան սովորեցի և շարունակում եմ սովորել:

-Ինչպիսի՞ դժվարություններ եք ունեցել կարիերայի ընթացքում: -Ոչինչ այս կյանքում հենց այնպես չի տրվում։ Բնականաբար ինչպես մյուս բնագավառներում այդպես էլ այստեղ առաջանում էին խնդիրներ, հուսահատություններ և իհարկե կպչուն մտքեր, որոնք խոչընդոտում էին հագիստ աշխատելուն: Բայց մայրիկիս և իմ օգնությամբ կարողացա հաղթահարել այդ շրջանը: Սկզբում շատ բաներ չէին ստացվում: Թղթի վրա նկարում էի զգեստի նախնական տեսքը և անընդհատ պատռում ինչ-որ բան դուր չգալու պատճառով: Չնայաց մինչև հիմա այդպես է: Ես պետք է ամբողջովին նվիրվեմ, և ինձ չխանգարեն,որպեսզի խուսափեմ նման միջադեպերից:

-Ինչպիսի՞ն է Մերի Ստեփանյանը աշխատանքում և աշխատանքից դուրս: - Երկու տեղում էլ պահանջկոտ, համբերատար և աշխատասեր: Աշխատանքի վայրում պահանջկոտությունս կկրկնապատկվում է, քանի որ ես գործ ունեմ մարդկանց հետ, որոնք ինձ վստահում են իրենց կյանքի կարևորագույն օրերից մեկը:

-Վերջերս համացանցում շատ էին հանդիպում հարսնացուների նկարներ, որոնք կրում էին «Մերի Ստեփանյան», և այդ առիթով շատ էին քննարկումները: Ինչպե՞ս էիք վերաբերվում այդ ամենին: - Երբ հարսանեկան զգեստներ կարելու առաջարկ եմ ստանում չափազանց մեծ պատասխանատվություն եմ զգում։ Սմեն դետալ պետք է լինի իդեալական, թեկուզ հարյուր անգամ փորձելուց հետո: Ձեր նշած քննարկումներից հետո հարսանեկան զգեստերի պատվերները շատացան: Այսքան լավ եմ վերաբերվում քննարկումներին:

-Հատուկ կցանկանայի՝ խոսեք Արթուր Բաղդասարյանի դստեր՝ Էլինայի շքեղ հարսանեկան զգեստից: Կպատմե՞ք մի փոքր այդքան քննարկված զգեստի պատմությունը: - Էլինայի զգեստը երբեւէ կատարած ամենաբարդ աշխատանքներիցս մեկն է եղել, եթե ոչ միակը։ Զգեստի հետ կապված բոլոր դետալները պատրաստվել են արտերկրում, իսկ զգեստը կարել ենք երկու ամսում։ Քննարկումներ միշտ էլ լինում են, բայց այս պարագայում լավն ավելի շատ էր։Դիզայներական տեսանկյունից Էլինայի զգեստը իդեալական էր, տարբերվող և շատ աշխատատար: Ես գոհ էի իմ կատարած աշխատանքից:

-Բոլորին հետաքրքիր էր այդ շքեղության իրական արժեքը, վերջապես կասե՞ք նրա իրական գինը: -Կարծում եմ նրանք, ում հետաքրքրել է զգեստի արժեքը արդեն գիտեն, քանի որ մենք երբեք չենք թաքցրել և ստացած նամակներին անկեղծ պատասխանել ենք: Զգեստը արժեցել է 22 000$ :

- Լինու՞մ են դեպքեր, որ հաճախորդուհին ցանկանա մի բան, որը նորաձև չէ, իսկ Դուք փորձեք բացատրել կամ համոզել նրան, որ մեկ այլ ձև ընտրի: - Իհարկե շատ է պատահում: Ես փորձում եմ բացատրել, նույնիսկ մի քանի անգամ նկարել այն թղթի վրա, որպեսզի ավելի պատկերավոր ստացվի: Դեռ չի եղել այնպես, որ ընդհանուր հայտարարի չգանք: Ինձ համար կարևոր է բավարարել յուրաքանչյուր հաճախորդի պահանջ, թեկուզ եթե այն իսկապես նորաձև չէ: Այդ ժամանակ ընտրում ենք ոսկե միջինը և արդյունքը գոհացնող է ստացվում:

-Հե՞շտ է արդյոք կարիերան և ընտանեկան կյանքը համատեղել: -Ես ամուսնացած եմ, բայց երեխաներ դեռ չունեմ։ Ամուսինս իմ աջակիցն է։ Ես հավասարաչափ ուշադրություն եւ սեր եմ հատկացնում թե՛ ընտանիքիս, եւ թե՛ աշխատանքիս։ Այնպես որ խնդիրներ չեն առաջանում։

-Ո՞րն է ձեր կարգախոսը, և որքանո՞վ է այն օգնում ձեզ: -«Մի դատիր, որ չդատվես»:

- Երբ ազատ ժամանակ եք ունենում, ինչո՞վ եք զբաղվում: - Ազատ ժամանակս տրամադրում եմ ինձ և ընտանիքիս, այսինքն ծախսում եմ արդյունավետ կերպով:

-Ո՞րն է ձեր ոգեշնչման աղբյուրը: - Գույներ, կտորներ: Նայելով նրանց անընդհատ ցանկություն է առաջանում ինչ-որ նոր բան մտածելու և այն իրականացնելու համար:

- Ձեր բոլոր աշխատանքները հագեցած են վառ և յուրահատուկ գույներով, իսկ ինչպիսի՞ գույներով է հագեցած Ձեր զգեստապահարանը: - Ինչպես տեսնում եք. սև:

- Իսկ այն կապ ունի՞ ձեր հոգու երանգների հետ: - Շատ լավ հարց էր: Ես պարզապես սիրում եմ սևը: Իմ մտքերը և կյանքին նայելու հայացքները շատ գույներ ունեն:

- Ո՞ր հայտնի կնոջ համար կցանկանայիք զգեստ կարել: - Քիմ Քարդաշյան: Ես դեռ այդ չափերով ոչ մի կնոջ համար զգեստ չեմ կարել:

- Հետագայում ի՞նչ նոր մտքեր ունեք նոր հագուստներ ստեղծելու հետ կապված: - Ստեղծել ավելի մատչելի հագուստ և իհարկե շարունակել պահպանել յուրահատկությունն ու ընդգծել յուրաքանչյուր կնոջ անհատականությունը:

- Ինչու՞ եք միայն կանանց համար հագուստ ստեղծում: - Կանայք ավելի հետաքրքրիր են:

- Եվ վերջապես, ըստ ձեզ ինչու՞մ է կայանում հաջողության հասնելու գաղտնիքը: - Ոչ մի գաղտնիք էլ չկա: Յուրաքանչյուք աշխատանք պահանջում է սեր, աշխատասիրություն և նվիրվածություն աշխատանքին: Սա արդեն խոսում է հաջողակ և ստացված աշխատանքի մասին:




Սյուզի Հարությունյան

ՍԳՍ ֆակուլտետ, ՄՀ լրագրություն, 3-րդ կուրս

361 просмотр0 комментариев
bottom of page