top of page
Фото автораLilik Stepanyan

Նկարչությունն ապրելակերպ է. Մարտիրոս Բադալյան

Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ, կոլաժի վարպետ Մարտիրոս Բադալյանն այսօր ստեղծում է յուրօրինակ կոլաժներ ձեռքի տակ եղած տարբեր իրերով՝ կտոր, ապակի, մեխ և այլն: Կրթությունը ստացել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում և Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում: Մի շարք թատրոններում ձևավորել է 40-ից ավելի ներկայացումներ, որպես նկարիչ մասնակցել է 12 գեղարվեստական կարճամետրաժ ֆիլմի աշխատանքներին։


- Պարո՛ն Բադալյան, ի՞նչ է պետք նկարելու համար, տաղա՞նդ թե՞ գիտելիք: - Ե՛վ տաղանդ, և՛ գիտելիք, և՛ սեր, և՛ վառ երևակայություն, և՛ ասելիք և այդպես շարունակ: Սա արվեստ է, ուտեստի պես մի բան, և ամեն համեմունք ունի իր յուրահատուկ համը, որը փոխում է աշխատանքդ, ուստի այն շատ բան է պահանջում, երբ դիտողը տեսնի և կարդա կամ իր ձևով ընկալի նկարի խորը միտքն ու խորհուրդը:

-Ե՞րբ եք սկսել նկարել: - Նկարել սկսել եմ դպրոցական տարիներից: Դպրոցում այդքան էլ լավ չեմ սովորել, նույնիսկ այն դասերը, որոնք ինձ համար ձանձրալի էին, ես սկսում էի նկարել, շատ էին նկատողություն անում, անգամ բողոքում մորս, թե` « Ձեր տղան դասերի ընթացքում նկարչությամբ է զբաղվում»: Երբ նկատողություն էին անում, և մի կողմ էի դնում թուղթը, մտքումս անընդմեջ ասում էի` երանի հասնեմ տուն, և մտքիս թելը չկտրվի: Ես միշտ սիրել եմ, միշտ հաճույք եմ ստացել նկարելիս: Շատ ժամանակ լավագույն դեղամիջոցն էր տխրության դեմ:

-Իսկ ո՞ր առարկաներն էին Ձեզ համար ձանձրալի: -Քիմիա, ֆիզիկա, մաթեմատիկա: Իսկ հումանիտար առարկաների մասին նույնը ասել չեմ կարող:

-Հիշու՞մ եք՝ որն է եղել Ձեր առաջին ստացված նկարը: - Առաջին ստացված նկարը իմ առաջին սիրո դիմանկարն է եղել: Դուք տեսնում եք ինձ մոտ այս պահին ոչ մի դիմանկար չկա, բնության կոլաժներ են: Գուցե նրա նկարը այդքան էլ ստացված չէր իրականում: Բայց այն ինձ համար ամենահիշվողն է:

-Հարցազրույցներից մեկում ասել եք, որ Ձեզ համար հոգեհարազատ է նկարչական ուղղվածություններից կոլաժը՝ անվանելով այն արվեստների հավաքածու: Պատմե՛ք մի փոքր այդ մասին: Ինչու՞ հենց այդ ճյուղը: - Այո, դա այդպես է: Կոլաժը արվեստի ստեղծման տեխնիկա է, որը պատրաստված է տարբեր կտորներից՝ ստեղծելով նոր ամբողջություն։ Յուրաքանչյուր նկարիչ իր վրձինը նախ թաթախում է հոգու մեջ, այնուհետև այն փոխանցում է թղթին: Կոլաժներում գույները և տարատեսակ պատկերները գերակշռում են: Դրանք տարբերվում են մյուս սովորական նկարներից և հաճախ շփոթմունքի մեջ են գցում այն մարդկանց, որոնք հեռու են նկարչությունից,իսկ սա արդեն խոսում է այն մասին, որ յուրաքանչյուր մարդ տեսնելով տարբեր պատկերների առկայություն սկսում է իր հայացքով նայել նկարին: Դրանք հասկանալը մի փոքր բարդ է: Պարզապես մեկ հայացք նետել նկարի վրա և ըմբռնել նրա խորությունը դժվար թե ստացվի, ինչպես պատահում է սովորական պարզ և հստակ ստեղծագործությունների ժամանակ: Սա տրված է յուրաքանչյուրին իր կերպով հասկանալ նկարի միտքը, խորությունը: Հենց սրանում է կայանում նրա հետաքրքրությունը: Այդ է պատճառը, որ այն իսկապես ինձ ավելի հոգեհարազատ է:

-Ըստ Ձեզ նկարներից հնարավո՞ր է կռահել նկարչի տեսակը, խառնվածքը: - Իհարկե: Նկարչությունն ապրելակերպ է և մարդն ապրում է իր կտավներում:

-Իսկ վաճառու՞մ եք ձեր կտավները: - Այո, շատ կտավներ եմ վաճառել: Բայց եղել են կտավներ, որ նույնիսկ լավ գին առաջարկելուց հետո ես հրաժարվել եմ դրանք վաճառել: Արդյո՞ք ես կարողի էի նույն ապրումներն ունենալ և նույն կերպ թղթին փոխանցել այն, ինչ կար: Այդ իսկ պատճառով որոշ նկարներ անգին են: -Եղե՞լ է մի նկարիչ, որին փորձել եք նմանվել: - Նմանվել երբեք, բայց ոգեշնչվել միշտ: Նմանվում են նրանք, որոնք կորցնում են իրենց, կորցնում են ինքնատիպությունը, կորցնում են տեսակը, կորցնում են ձեռագիրը, իսկ ես ինձ երբեք չեմ կորցրել: Ես ամեն անգամ վերագտնում եմ ինձ, վերագտնում եմ նորովի՝ շարունակելով անդադար ոգեշնչվել: -Իսկ ու՞մից եք ոգեշնչվում: - Պիկասո,Կլոդ Մոնե, Ֆրիդա Կալո, Դալի, Վան Գոգ, Միքելանջելո. դե ասեք, ինչպե՞ս չոգեշնչվել: -Բացի նկարելուց, էլ ի՞նչ նախասիրություն ունեք: - Ջուլհակագործություն: Այս գործով էլ եմ զբաղվում երբեմն, բայց ոչ միշտ: Այն պարզապես նախասիրություն է: Մի բան դուրս է գալիս, հետաքրքիր է շատ:

-Ի՞նչ գույներով կնկարեք ապագա Հայաստանը: - Հայաստանը առաջ, հիմա, թե շատ տարիներ անց պետք է պատկերվի միայն սրտաբացության, ջերմության և ծաղկունքի գույներով: Ինքս հայրենասեր եմ և իմ Հայաստանը՝ արևից արբեցած երկիրը, կպատկերեի միայն ու միայն սիրո, հաղթանակի, պարզության, մաքրության և ապագայի հանդեպ հույսով լի բոլոր գեղեցիկ, պայծառությամբ հագեցած գույներով, որոնք կան աշխարհիս երեսին:


-Առաջիկայում սպասե՞նք նոր ցուցահանդեսի: - Նախ պետք է ունենալ բավականին թվով աշխատանքներ ցուցահանդեսին ներկայացնելու համար: Հենց զգում եմ,որ արդեն իսկական պահն է, անպայման կազմակերպում եմ: Իդեպ հրավիրում եմ ձեզ՝ ներկա գտնվելու իմ` առաջիկայում սպասվող «Կենդանական աշխարհն իր ողջ կողմերով» թեմատիկ ցուցահանդեսին: Կարծում եմ այն ձեզ մեծ բավականություն կպատճառի:


Գայանե Մարտիրոսյան

ՍԳՍ ֆակուլտետ, ՄՀ լրագրություն, 3-րդ կուրս


76 просмотров0 комментариев

Comments


bottom of page